Այսօր հրավիրված «Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» թեմայով քննարկման ժամանակ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը նշեց, որ մայիսի 29-ին Աստանայում ստեղծված իրավիճակից հետո պետք է Հայաստանում լինի դիսկուրս ՀՀ-ի՝ Եվրասիական միության հետ կապված հեռանկարների մասին: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ հրավերը չեն ընդունել և չեն եկել իշխանության ներկայացուցիչները, քանի որ նրանք չգիտեն, թե ինչ է մտածում պետության առաջին դեմքը:
ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ ավարտվել է հետսառըպատերազմյան շրջանը, և մենք մտել ենք պատմական մի նոր փուլ: Նա նշեց, որ հետխորհրդային պետություններից երեքն են պայքարում իրենց անկախության համար՝ Վրաստանը, ՈՒկրաինան, Մոլդովան: Դավիթ Շահնազարյանն ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ այդ երեք պետություններում իշխանությունը փոխվել է ընտրությունների միջոցով:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ պարոն Շահնազարյանի, Հայաստանը փորձում է մաս կազմել մի միության, որը նորացող ռուսական կայսրությունն է՝ ինչպիսի անվանում էլ ունենա: Անդրադառնալով Ն. Նազարբաևի հայտարարությանը՝ նա նշեց, որ Նազարբաևը տեղյակ է պահել խաղի այն կանոնների մասին, որոնք պետք է գործեն նոր միությունում: Ըստ այդ կանոնների էլ ՀՀ-ն իր տնտեսական սահմանների լիազորությունը հանձնում է այդ վերպետական մարմնին: Պարզվում է, որ ՀՀ-ի անդամակցության հարցը Հայաստանը չի որոշելու: Լուրջ քայլեր են կատարվում նաև այն ուղղությամբ, որպեսզի Ադրբեջանն անդամակցի:
Դավիթ Շահնազարյանը նշեց, որ Ռուսաստանի գլխավոր նպատակն է վերահսկողություն սահմանել ՀՀ-ի վրա:
«Եթե ՀՀ-ն անդամակցի այդ ռուսական կառույցին, ապա բանակցությունները վարելու է ՌԴ-ն»,- ասաց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավարը: Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ ՌԴ-ն ամեն ինչ անում է, որ ՀՀ բոլոր հարաբերությունների կարգավորումը հարևան երկրների հետ լինի իր հսկողության ներքո: ՌԴ-ում, ըստ նրա, ՀՀ-ի բնակչությանը վերաբերում են որպես կենսաբանական զանգվածի:
«Ռուսաստանը կասկածելի միջնորդ է, Ռուսաստանը, մեղմ ասած, ՀՀ-ի բարեկամ երկիրը չէ»,- իր խոսքն ամփոփեց Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով, որ ՀՀ քաղաքացիները պետք է ամեն ինչ անեն ՀՀ-ն այդ կասկածելի միության մաս չդարձնելու համար:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ